Не так страшен черт, как его малюют!
03.04.2020 | 01:07
Եվ այսպես «կոռոնավիռուս». միտումնավոր եմ կորոնավիրուս օտար բառը գրում օտար լեզվի հնչողությամբ, որպեսզի արտահայտեմ իմ բողոքը։
Տասնյակ հայտնի համաճարակաբան-բժիշկներ բացատրում են բոլորին հասկանալի լեզվով, որ նախ՝ գրիպի այս տեսակը, ինչպես և մյուս տեսակները, բնավ էլ սարսափելի չէ, չկա համաճարակ-համավարակի փաստ՝ երկրագնդի վարակվածների քանակով պայմանավորված, չկա մահացության ահռելի թիվ հենց միայն կորոնավիրուսից։ Ինչու՞ այսպիսի լարվածություն չստեղծվեց, օրինակ, խոզի կամ թռչնի գրիպների ժամանակ։ Իհարկե, այն ժամանակ էլ ահ ու սարսափ սկսեցին տարածել, բայց դրանք նախապատրաստական աշխատանքներ էին։ Հիմա ստեղծվեց մի նոր վիրուս, որին վերագրվեց սարսափելի հատկանիշ՝ տարածվելու արագություն։ Սակայն բժիշկների վկայությամբ՝ անգամ տարածվածությունը արագ չէ, արագ է միայն կորոնայի մասին տեղեկատվության տարածումը:
Ըստ էության, կորոնայով «վարակված» հիվանդներին այսօր որևէ դեղով չեն բուժում, այլ մեկուսացնում են, եթե հիվանդագին դրսևորում չկա։ Բայց եթե կա թոքաբորբի առկայություն... Իսկ թոքաբորբով մարդիկ միշտ էլ հիվանդացել են, ու բուժման համար էլ կիրառել են հակաբիոտիկներ, ինչը և մարդկանց փրկել է ստույգ մահից: Վերջին կարծեմ 60-70 տարում հաջողությամբ բուժում են նաև թոքախտից, ինչը անցյալ դարի սկզբում և նախորդ դարերում եղել է ճակատագրական:
Այս մեկ ամսում որոշակի համաշխարհային ուժերի (տնտեսական և քաղաքական) հաջողվեց այնպիսի ահ ու սարսափ տարածել ողջ աշխարհում, որ մարդիկ մահվան ստվերը զգացին իրենց թիկունքում։ Իսկ եթե դեռ չեն վարակվել, վախեցան, թե կարող են սովամահ լինել։ Եվ սկսեցին խանութներում եղած պարենն ու առաջին անհրաժեշտության ապրանքները ցունամիի արագությամբ կրել։
Հաջորդ քայլը ուղեղների լվացումը եղավ՝ «ՄՆԱ՛ ՏԱՆԸ»...
Սա արդեն առավել հզոր քայլ է. դիրիժորի փայտիկի մի շարժումով երկրագնդի ողջ բնակչությանը ցանկացած պահի փակել բնակարաններում, իսկ չհնազանդվողներին ենթարկել կալանքի ու ահռելի տուգանքների, այնքան ահռելի, որ մարդն ամբողջ տարին այդքան եկամուտ չի ունենում...
Նախապես աշխատավարձն ու կենսաթոշակը տեղափոխեցին բանկոմատային համակարգ՝ համարելով դա ժամանակակից տեխնիկական առաջադիմություն:
Հետաքրքիր փաստ. մինչև այդ դրամական գումարի իրացումը այդ գումարի տիրոջ կողմից. այն մնում է բանկի տնօրինության տակ, այսինքն՝ տվյալ բանկը կարող է շրջանառության մեջ դնել առկա գումարը առանց աշխատավարձի կամ կենսաթոշակի տիրոջ կամքը հարցնելու, և որ կարևոր է, դրանք շրջանառության մեջ դնելով՝ շահույթ ստանալ:
Մի շատ ավելի վտանգավոր դավադրություն ևս կարող է լինել նույն այդ ԾՐԱԳՐՈՒՄ. բանկոմատները կարող են չլիցքավորվել դրամով, և մարդիկ կմնան առանց փողի։ Այդ դեպքում խանութները պարենով ապահովելու անհրաժեշտություն էլ չի լինի։ Սա ևս մարդկանց կառավարելի դարձնելու միջոց է:
Մարդկանց կառավարելի դարձնելու մի ձև կլինի նաև հեռախոսները վերահսկելը: Մարտի 30-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերը. այս փաթեթով նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաների միջոցով պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, ըստ որի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացու հեռախոսակապը կվերահսկվի: Զարմանալի է։ Չէ՛, «զարմանալին» տեղին բնութագրում չէ. այն անհիմն է, սադրիչ և նսեմացնող, էլ չեմ ասում՝ մարդու իրավունքների տարրական խախտում է: Հետաքրքիր է. «Մարդու իրավունքների» պաշտպանի վերաբերմունքն այս օրինագծի վերաբերյալ. «Խնդրի վերաբերյալ տարընկալումներից խուսափելու համար արձանագրենք, որ այս նախագիծը չի ենթադրում որևէ բովանդակային վերահսկողություն թե՛ հեռախոսազանգերի բովանդակության, թե՛ հաղորդագրությունների բովանդակության մասին։ Ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն այս կամ այն համարին։ Երկրորդ, պետք է արձանագրենք, որ, իհարկե, նախագիծը հարցն ամբողջությամբ չի լուծում, և չկա որևէ գործիք, որն աշխարհում կլուծեր բոլոր հարցերը։ ՈՒղղակի սա կառավարությանն ու պարետատանը օգնում է լրացուցիչ արդյունավետ գործիքներ ներդնել»: Ո՞րն է սրա տրամաբանությունը. սմարթֆոնները որքան էլ խելացի հեռախոսներ են, բայց կորոնավիրուսը ախտորոշել հաստատ չեն կարող: Եվ ապա, ինչպես բժիշկներն են արձանագրում, այս վիրուսի հանդեպ առավել խոցելի են տարիքով մարդիկ, որոնք, հաստատ սմարթֆոն չեն գործածում, հետևաբար այդ կոճակով փոքրիկ հեռախոսները այդպիսի ծրագրային հնարավորություն չունեն: Լա՛վ, ենթադրենք, իմացանք, թե վարակակիրն ում հետ է հաղորդակցվել հեռախոսով, արդյոք հեռախոսով վարակը փոխանցվու՞մ է: Իհարկե ո՛չ: Բայց դրա փոխարեն մեկ անգամ ընդունած օրինագիծը կմնա ուժի մեջ, և քաղաքացիների հեռախոսները կհսկվեն ոչ միայն նրանց տիրոջ գտնվելու վայրը պարզելու, այլև խոսակցության բովանդակությունը լսելու: Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, միշտ էլ ինչ-որ վիրուս է տարածվել, որը բնավ նորություն չէ, ամեն տարի երկու անգամ՝ աշնանն ու գարնանը, վիրուսային շրջան է համարվում: Երբ գրիպի վիրուսը երկար էր մնում քաղաքում, բժիշկներն անմիջապես իրենց ելույթներով փորձում էին փարատել մարդկանց անհանգստությունը՝ հայտարարելով, որ համաճարակ չկա։ Հիմա Հայաստանի մեր խելացի բժիշկները լռում են, այսինքն՝ համաճարակ է։ Սա զարմանալի է։ Հիմա՝ «Մնա՛ տանը» հրահանգը դեռ նախորդում է բանկոմատների դատարկությանը։ Եվ, ի՞նչ, շարունակելու՞ են մարդիկ մասնակցել իրենց համար դժոխային այս խաղին։ Սթափվել է պետք։
Անձամբ ես շարունակում եմ դուրս գալ տանից՝ հաց, դեղ, ատամի մածուկ, աղ, օճառ, ժավել, սոդա և այլ՝ ինձ անհարաժեշտ բաներ գնել։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ